Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանին՝ ի դեմս ֆինանսների նախարարության, տեղեկացնում են Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին:
Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել հօգուտ իրեն:
Նրա փաստաբանական թիմն էլ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ․ Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել»:
«Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ 2020-ի մարտի 10-ին կայացած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քոչարյանը մեղադրվում է 2008-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու մեջ։ Նա կալանքի տակ էր 2019-ի հունիսի 25-ից բայց 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2020-ի հունիսի 18-ին։






