Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է այդ երկրի պետական դրոշը՝ ի հիշատակ ողբերգական ավտովթարում զոհվածների։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։
Երկրի բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Մահացել է 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել։ Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Փրկված 3 ուղևորի վիճակը գնահատվում է ծանր:
Շատիլի գյուղ բերող ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով: Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ:






