Հայաստանի ՊՆ-ն անհրաժեշտ է համարում ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ կկարողանա հակառակորդի գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Այդ նպատակով օրենսդրական կարգավորման նախագիծ է դրվել հանրային քննարկման։
Ըստ դրա՝ ներկայումս երկրի պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ։
Եվ հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ դրանց ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի կիրառմամբ։ Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով Հայաստանին անհրաժեշտ է աշխարհազոր։
Ըստ նախագծի՝ լինելու են առանձին ստորաբաժանումներ, քաղաքի ղեկավարի տեղակալը համայնքի բրիգադի հրամանատարն է լինելու, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի գումարտակի հրամանատարը:






