Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք:
Ավելի վաղ ռուսական «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը Երևանի մանկական երկաթուղու զարգացման նախագիծ էր ներկայացրել կից տեսանյութով, որը շրջանառվում է համացանցում։
«Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում»,- ասվում է խոսնակի գրառման մեջ։
Որոշվել է, որ Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից կառուցապատման աշխատանքներ չեն իրականցվելու։
Ըստ «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի ներկայացրած նախագծի՝ նախատեսվում էր, որ այն իրականացնելու է իտալական նախագծային բյուրոյի հետ, որն ունի Նյու Յորքում և ԱՄԷ-ում նմանատիպ նախագծերի իրականացման մեծ փորձ։ Նշվում էր, որ Մանկական երկաթուղին պետք է դառնա հեքիաթների թեմատիկ այգի և տարածաշրջանում միակն է լինելու իր տիպով։
«Մանկական երկաթուղին կաշխատի և՛ ամռանը և ձմռանը՝ մեր երեխաներին հնարավորություն ընձեռելով ըմբոշխնել աշխարհի լավագույն ատրակցիոններից ստացած տպավորությունները»,-ասվում էր ընկերության հայտարարության մեջ։






