Երևանում գազի արտահոսքի հետևանքով պայթյունից փլուզված շենքի փլատակաների տակ 1 մարդ կա։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ փլատակների տակ է մնում, նախնական տեղեկություններով, երկրորդ հարկի բնակիչը՝ 56 տարեկան տղամարդ: Դարձյալ նախնական տեղեկություններով՝ տուժածները 3-ն են:
«Երկուսը հիվանդանոցում են, մեկից նորություն դեռևս չկա»,- նշել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը:
21 քաղաքացի ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից: Նրանց հոգեբանական աջակացություն է ցուցաբերվել:
Նախարարը նշել է նաև, որ շենքի մյուս հատվածի փլուզման վտանգ այս պահին չկա: Այդուհանդերձ, ամբողջ շենքը տարհանված է: Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն:
Դեպքի վայրում է ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։
Պայթյունի հետևանքով հոսպիտալացված 2 քաղացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս տուժածը կին է, վիճակը գնահատվում է միջին ծանրության:






