AM
26 Օգոստոս 2020 - 10:02 AMT

«Հայփոստը» Չինաստանում դուստր կազմակերպություն կհիմնի

«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում։ Այդ մասին հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով գերատեսչության կես տարվա աշխատանքների արդյունքները։

Նա հայտնել է նաև, որր վերաբացվել է ԱՄՆ Դենվերում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, որը կխթանի առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ, գրում է Panorama.am-ը։

«Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի մոտ 1300 աշխատակցի աշխատավարձերը՝ 20-25 տոկոսով»,- ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ միասին «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը։ Վերջինս նոր ձեռքբերումների թվում առանձնացրել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում «Հայփոստի» նոր տիպի բաժանմունքի բացումը:

Արշակյանը հավելել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպել և իրականացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման 17-րդ ծրագիրը, որի առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ:

Կորոնավիրուսի հետևանքների վերացման 17-րդ ծրագրի շրջանակում 5 լավագույն նախագիծ ներկայացրած ընկերություններին տրամադրվել է 10 մլն, 5 մլն, 3 մլն և երկուական 2 մլն դրամի չափով աջակցություն, որի շրջանակում նախագծվել և արդեն արտադրվում են օդի ախտահանման և օզոնի չափագրման սարքեր: