Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կվերադառնան, իսկ որոնք բնակարանից զրկվել են, նրանց կացության հարցը կորոշվի օրվա ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։
Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է ակնադիտական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ փլուզվել է շենքի հինգերորդ շքամուտքի մոտ կեսը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Օգոստոսի 26-ին վաղ առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել։ Մասնակի փլուզվել է 12 բնակարան։ Փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, նրանք հոսպիտալացվել են։ Մոտ 5 ժամ որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։






