AM
31 Օգոստոս 2020 - 10:04 AMT

Գյումրու ինֆեկցիոնը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են բնականոն աշխատանքի

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնը վերադառնում են բնականոն աշխատանքի, փակվում է նաև կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մի շարք ԲԿ-ներ էին ծավալվել՝ ընդունելու համար վարակակիրների։

«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ, 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- գրել է նա։

Նիկողոսյանը նշել է նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,781-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 879 դեպք կա, այլ պատճառով՝ 268։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 4912 է։