Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ՝ մարզիկներին նպաստ տրամադրելու համար։
Նախատեսվում է սպորտային նպաստ տրամադրել 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին։
Նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ մարզիկներին ու մարզիչներին ամսական խրախուսական գումար չի տրամադրվում, նախկինում դա արվում էր ոչ պետական աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դադարացվել է, և նրանք ծանր կացության մեջ են հայտնվել։
Ըստ նախարարի՝ նոր վերաբաշխմամբ՝ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին, բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը:
«Դա նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը և դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել ՀՀ հավաքականներին՝ ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցույթներում և մրցաշարերում: 2021 թվականի Օլիմպիական խաղերին պատրաստվում են 6 մարզաձևի առաջադեմ մարզիկները, նրանց հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեկ գլխավոր և 2 մարզիչ և բժիշկներ», – ասել է նախարարը:
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էր առաջարկել Օլիմպիական խաղերի չեմպիոնների ու մեդալակիրների մարզիչներին ցմահ նպաստ սահմանել։






