AM
5 Սեպտեմբեր 2020 - 12:14 AMT

«Իմ քայլի» ավագանու անդամներն այցելել են Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձանի հեղինակի արվեստանոց

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներն այցելել են Ախուրյան՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ ստեղծվում է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

«Նկարներում քանդակի կավե տարբերակն է, որն իրականում շատ է տարբերվում մեր տեսած թվային էսքիզից: Այն ամբողջությամբ ձուլվելու է բրոնզից և հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը:

Մեծագույն հաճույք էր լսել քանդակագործին, ծանոթանալ հուշարձանի կոնցեպտին և այն հսկայական ջանքերին, որ ներդրվում են այն կյանքի կոչելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը հաղթել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում։ Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիա ու նստացույց էին անում Ազատության հրապարակում:Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացվեցին, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։