2020-ի սեպտեմբերի սկզբից, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։ Այդ մասին ասվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի ու ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկու հանդիպմանը։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է գործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։
Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական գործակցությունը՝ կողմերը պայմանավորվել են վերականգնել դրա դինամիկան։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։
ՀՀ-ում 2014-ի հոկտեմբերին գործարկվել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» գործարանը, որի արտադրանքը պահանջարկ ունի:«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը համատեղ հայ-լեհական ձեռնարկություն է, ի թիվս այլ ապրանքատեսակների, արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ծածկեր:






