Ազգային անվտանգության ծառայությւնը պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք է բացահայտել։ Պարզվել է, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ն, համաձայնության գալով ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ պաշտոնատար անձի հետ, չունենալով ավտոգազալցաճնշակայան (ԱԳԼՃԿ) կառուցելու շինթույլտվություն՝ իրեն պատկանող Չարենցավանի Եսայան 8 և 10 հասցեներում կառուցել է ստացիոնար ԱԳԼՃԿ:
Այնուհետև, 2014-2020 թթ․ սեղմված բնական գազ է վաճառել:
«Դրայվ-2014» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ն հաշվառված է եղել արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող «ՄԱԶ» մեքենայի վրա տեղակայված գազաբալոնների համար և, չունենալով սեփական ճնշակ, սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊԸ տարածքում գտնվող փորձարկում անցնող ճնշակներից:
Միաժամանակ, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք 2014-2019 թթ․, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել վտանգավոր օբյեկտների տեխանվտանգության դրական եզրակացություններ՝ վտանգ ստեղծելով ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ՔՕ նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:






