2005-ին թվականին օրենքի խախտմամբ օտարվել և վաճառվել է Գյումրու ՊՆ-ին պատկանող Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը։ Ոստիկանությունը հայտնում է, որ ապօրինությունը կազմակերպել են պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան անձինք։
Մասնավորապես՝ ձևական հղում են կատարել վաճառքի թույլտվության վերաբերյալ կառավարության որոշմանը, ՊՆ լիազոր անձն ու գնորդը կնքել են առուվաճառքի պայմանագիր, որն էլ կրկին օրենքի խախտմամբ վավերացրել է նոտարը։
«Սև բերդն» այժմ պատկանում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Նա «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ մտահոգվելու տեղ չունի, որովհետև 2012-ին է այն ձեռք բերել՝ նախկին սեփականատեր, Սանկտ Պետերբուրգից եկած Հայկ Հայրապետյանի ընտանիքից։
Ամրոցը 1995 թվականին հանձնվել է պաշտպանության նախարարությանը, 2004 թվականին ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։






