Օգոստոսին ու սեպտեմբերին Բեյրութում և Էրբիլում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) երկու մարտիկ է զոհվել, փոխանցում է Nouvelles d'Arménie-ն։
Լիբանանում սեպտեմբերի 5-ին ավտովթարից զոհվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներից Աբրահամ Թովմասյանը։ Դրանից երկու շաբաթ առաջ Էրբիլում 50 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Հակոբ Թաղլյանը։ Նրա հիշատակի արարողությունը կայացել է Եռաբլուրում սեպտեմբերի 11-ին։
Աբրահամ Թովմասյանի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ Եռաբլուրում, ժամը 14։00-ին։
Աբրահամ Թովմասյանն ԱՍԱԼԱ-ին է միացել 1980-ականներին, այդ շրջանում նա հիմնական գործունեություն է ծավալել Եվրոպայում։ 1983 թվականի հունվարի 22-ին «Շապին Գարահիսար» գործողության ընթացքում թուրքական ավիաուղիների գրասենյակի տարածքում նռնակ է նետել։ Այդ գործողության համար Թովմասյանը 2․5 տարվա ազատազրկման է դատապարտվել, 1985-ին վերադարձել է Լիբանան ու շարունակել իր պայքարը։
Թաղլյանն ԱՍԱԼԱ-ի կազմում է եղել 1980-ականների վերջից։
ԱՍԱԼԱ-ն հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։






