AM
14 Սեպտեմբեր 2020 - 08:52 AMT

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի անդամների ընտրությանը։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք չենք մասնակցելու ՍԴ անդամների ընտրությանը, քանի որ քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,- ասել է նա։

Զոհրաբյանը նշել է, որ ՍԴ անդամի թեկնածուները պետք է շահագրգռված լինեն հանդիպելու ոչ միայն ԱԺ մեծամասնության, այլև մյուս խմբակցությունների հետ, մինչդեռ նման հանդիպում չի եղել։ Ըստ նրա՝ թեկնածուները հասկացել են, որ խնդիրները որոշվում են իշխանական խմբակցությունում և մյուս խմբակցությունների հետ հանդիպելը համարել են աննպատակահարմար։

Դիմելով ԱԺ նախագահին՝ Զոհբրայանն ասել է, որ դիտում է դա որպես հետընթաց;

«Նախկինում խորհրդարանական գործընթացում չի եղել որևէ դեպք, երբ մենք գնանք, խնդրենք թեկնածուին, որ գա մեզ հետ հանդիպելու։ Թեկնածուները, որոնք ուզում էին լինել կոնսենսուսային, իրենք պետք է մեզ հետ հանդիպումներ նախաձեռնեին»,- ասել է նա։

ԱԺ-ում մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Սեպտեմբերի 14-ի նիստում քննարկելու է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Թեկնածուները 3-ն են՝ կառավարությունը ներկայացրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանի։