AM
15 Սեպտեմբեր 2020 - 12:48 AMT

Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն ազատման դիմում է գրել

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել, ինչի մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև հայտնել է, որ հրաժարվել է ոչ միայն տնօրենի պաշտոնից, այլև ընդհանրապես Արյունաբանական կենտրոնում մանկական ուռուցքաբան-արյունաբանի հետագա աշխատանքից:

«Որոշմանս պատճառն այն, որ առողջապահության նախարարությունը որոշել է հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն»,- գրել է Թամամյանը՝ նշելով, որ հպարտ է ու երջանիկ Դանիելյանի աշակերտը լինելու համար:

Ըստ նրա՝ 2018-ին Սամվել Դանիելյանի` Հայաստան վերադառնալու ու Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու որոշումը «հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկն էր, ինչը թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը»:

Թամամյանն առողջապահության նախարարի հետ մի քանի անգամ հակասություն է ունեցել: 2019-ի սեպտեմբերին Արսեն Թորոսյանը ներկայացնում էր իրավիճակը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, երբ նա ընդմիջեց այդ ասուլիսը՝ հարցեր տալով նախարարին: Վերջինս ասուլիսն ընդհատել ու սրահից դուրս էր եկել: