AM
17 Սեպտեմբեր 2020 - 11:40 AMT

Բնակարան՝ Զեյթունում պայթյունից տուժած ընտանիքներին․ 182 մլն դրամ է հատկացվել

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի 1 հասցեի շենքում օգոստոսի 26-ին պայթյունի հետևանքով փլված բնակարանների տերերը փոխհատուցում կստանան, Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։

Գործադիրի պահուստային ֆոնդից հատկացվել է 182 մլն դրամ, որը փոխանցվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից էլ շենքի տուժած բնակիչներին տրամադրվելու են բնակարանների գնման վկայականներ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ փլուզված 12 բնակարանի սեփականատերերին կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր` նոր բնակարաններ ձեռք բերելու համար։

«Հաշվարկվել է այդ ընտանիքներին աջակցելու չափը` հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսն ու Կադաստրի կոմիտեի հուլիս ամսվա տվյալները, շենքի գտնվելու գոտում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ արժեքը, այն է` 333,000 դրամ»,– նշել է Ղուլարյանը։

Եթե տուժած բնակիչները որոշեն ավելի թանկ բնակարաններ գնել, ավելորդ գումարը պետք է վճարեն սեփական միջոցներից կամ հիփոթեկային վարկով։

Օգոստոսի 26-ի պայթյունի հետևանքով 2 հոգի մահացել էր։ Շենքի փլուզման հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մի քանի մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը և անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):