Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ամբողջ անձնակազմն աշխատանքից ազատման դիմում է գրում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:
Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից դադարեցվում է կլինիկական գործունեությունը։
«Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին»,- ասվում է գրառման մեջ։
Հայտարարությունը ստորագրել են կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը և անձնակազմի մյուս անդամները։
Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում է հոկտեմբերի 1-ից ազատվել աշխատանքից, նրանք բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել առողջապահության նախարարության որոշումը տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայամանգիրը դադարեցնելու մասով։
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում էր ներկայացրել ու հայտնել, որ պատճառն ԱՆ որոշումն է` հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը։ ԱՆ-ից նշում են, որ պայմանագիրի լուծման պատճառը Դանիելյանի տարիքն է․ ըստ օրենքի՝ ԲԿ ղեկավարը 65-ն անց լինել չի կարող։ Դանիելյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018-ին՝ փոխարինելով Սմբատ Դաղբաշյանին, ով կենտրոնը ղեկավարել է 2001-ից։






