Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ Հաթինգը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել ՀՀ-ում կրթական ոլորտի փոփոխություններին՝ անհրաժեշտ ուղղություններով:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ Հաթինգի գլխավորած պատվիրակությունը քննարկել է կրթությանն առնչվող մի շարք հարցերի։
Նախարարը հայտնել է, որ ՀՀ-ում բարեփոխումների առանցքում երեխաների իրավունքների պաշտպանությունն է, մասնավորապես, կրթության իրավունքի իրացումը: Ըստ Հարությունյանի՝ իրենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նույն ալիքի վրա են և գործակցությունը շարունակելու ցանկություն կա։
Հաթինգի խոսքով՝ պատրաստ են աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին:
Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին մոտ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների:
ՀՀ-ում կրթական ոլորտում փոփոխությունների թեման պարբերաբար թեժ քննարկումների առիթ է դառնում։ ԿԳՄՍՆ ընդդիմախոսների կարծիքով՝ նախարարությունն ազգային ինքնությանն առնչվող առարկաների դասաժամերը կրճատում է կամ դրանք առհասարակ հանում ծրագրից։ Նախարարությունից նշում են, որ իրենք բարեփոխումների ճանապարհով են գնում, իսկ հայագիտական ոչ մի առարկա կիսատ չի դասավանդվում։






