Սեպտեմբերի 23-ին առաջին ատյանի դատարանում կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությունը։
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքները, այսինքն՝ ուժի մեջ է մտել որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել։
Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան։






