Արդեն 10 տարի է, ինչ Երեւանում ամեն տարի անց է կացվում դասական երաժշտության «XXI-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հոբելյանական փառատոնը տեղի կունենա այս տարվա մայիսին: Հոբելյանի տոնակատարության շրջանակներում փետրվարի 12-14-ը Երեւանում տեղի կունենա «Վիլնյուսը եվրոպական մշակույթի մայրաքաղաք» համերգային ծրագիրը, քանի որ Վիլնյուսը հայտարարվել է 2009թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:
Այսօր «Վիլնյուսը եվրոպական մշակույթի մայրաքաղաք» համերգային ծրագրի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային տանը ելույթ կունենա աշխարհահռչակ դիրիժոր եւ թավջութակահար Դավիդ Գերինգասը, նրա հետ ելույթ կունենան Ինգրիդա Ռուպայտեն (ջութակ) եւ Տեպրաշ Գենյուշասը (դաշնամուր): Կհնչեն լիտվացի կոմպոզիտորներ Կուտավիչուսի, Շենդերովասի ստեղծագործությունները:
Փառատոնի առաջին օրը` փետրվարի 12-ին հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու Վիլնյուսի հայտնի քառյակին: Փետրվարի 14-ին կհնչեն Լաուրաշաուսի, Շենդերովասի, Կատավիչուսի ստեղծագործությունները հայ եւ լիտվացի երաժիշտների կատարմամբ, դիրիժոր` Դավիդ Գերինգաս:
Այսօր «ArtExpo 2009» ցուցահանդեսում, որ անցնում է Հայաստանի նկարիչների տան շենքում, տեղի կունենա «Վիլնյուսը եվրոպական մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շնորհանդեսը: Արարողությանը կմասնակցեն Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ դիրիժոր ու թավջութակահար Դավիդ Գերինգասը: