Ակնա լճի ափին, որը բնության հուշարձան է համարվում, մետաղյա «զրուցարան» է տեղադրվել, որը գումարի դիմաց տրամադրվում է այցելուներին։ Այդ մասին ֆեյբուքյան իր էջում ահազանգել է Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Շահբազյանը։
«Ինչ-որ մեկը որոշել է իր «ճաշակով» բիսեդկա սարքի, մանղալ դնի ու մարդկանցից էլ փող վերցնի։ Պահանջում եմ ապամոնտաժել և տուգանել սարքողին ու մարդկանցից գումար շորթողին։
Ինչպես գիտենք, ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով»,- ասվում է գրառման մեջ։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է գրառմանը՝ նշելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին գրություն կգնա՝ ապամոնտաժելու և վարչարարություն անելու տեղում։
Ակնա լիճը բնության հուշարձան է, գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։
Հուլիսի 3-ին «Հայկական բնապահպանական ճակատ» ֆեյսբուքան խմբում Անի Խաչատրյան անունով օգտատերն արձանագրել էր, որ լճի տարածք եկած տղամարդն ասել էր, թե այն իրենն է ու ձկնաբուծարան է այնտեղ սաքրել։ Շրջակա միջավայրի նախարարույթունն արձագանքել էր՝ հայտարարելով, որ Ակնա լիճը բնության հուշարձան է և այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է: Նախարարությունը գրությամբ դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դրա իսկությունը շուտափույթ ստուգելու համար։






