AM
24 Սեպտեմբեր 2020 - 06:36 AMT

Ուսհաստատությունների ուղեցույցով սահմանված որոշ կանոններ լրամշակվել են

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, դիմակների կրումը պարտադիր չէ։

• Դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

• ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

• յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

• յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով,

• յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

• պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

• ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

• սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

Նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է հանրակրթական բոլոր ուս.հաստատությունների համար: