AM
24 Սեպտեմբեր 2020 - 09:29 AMT

Մնացականյան․ 30 տարի Թուրքիան մերժում է ՀՀ-ի՝ դեպի ծով ելքի իրավունքը

30 տարի Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը. դա միջազգային կոնվենցիաների ու համաձայնագրերի ոտնահարում է, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա մասնակցել ու ելույթ է ունեցել ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական առցանց հանդիպմանը:

Հանդիպումը նախագահել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, դրան մասնակցել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ըստ նախարարի՝ համավարակից բացի, շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին:

«Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը»,- հայտարարել է նա։

Մնացականյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական գործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար:

ՀՀ-ն հարևան 4 երկրից բաց սահման ունի միայն երկուսի՝ Վրաստանի ու Իրանի հետ։ Արևմուտքից փակ է Թուրքիայի հետ սահմանը, արևելքից՝ Ադրբեջանի։