AM
24 Սեպտեմբեր 2020 - 10:33 AMT

ԿԳՄՍՆ հորդորը՝ ՀՊՏՀ-ի դասախոսներին․ Վերադարձեք լսարան, մի խաթարեք կրթական գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներին վերադառնալ լսարան և զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից, PanARMENIAN.Net-ին ասաց նախարարության մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է հորդորի չիրականացման դեպքում որևէ լծակով պատասխանատվություն սահմանել կրթական պրոցեսը խաթարելու համար, Կամավոսյանը նշեց՝ իր կարծիքով՝ դա հաշվի կառնվի։

Սեպտեմբերի 23-ին ՀՊՏՀ կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարել էր, որ իրենց «գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը»։ Հուլիսի 17-ին կայացած մրցույթում բուհի խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: ՀՊՏՀ կոլետիվը բողոքել է, թե ինչու մինչ այժմ «ընտրված ռեկտորը նշանակված չէ»։

Ընթերցեք նաև․ Վարչապետի խորհրդական․ ՀՊՏՀ «մանկավարժների» քայլն անընդունելի է, արարքը՝ խայտառակ

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժպ-ն ուսանողներին կոչ է արել պայքարել իրավունքների համար