AM
25 Սեպտեմբեր 2020 - 11:55 AMT

Ծովագյուղի համայնքապետը 30-50 մարդու հետ խանգարել է «Գազպրոմի» աշխատանքը. Բարձրաստիճան ոստիկաններ են տուժել

Սեպտեմբերի 24-ին Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանի ղեկավարությամբ 30-50 անձ խոչընդոտել է «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների աշխատանքը, վնասել նրանց ծառայողական տրակտորը, սպառնացել, հայհոյել տեղում հերթապահող ոստիկաններին, քաշքշել և հարվածել։

Միջադեպի մասին ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը՝ նշելով, որ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմում» տեղեկություններ են ստացվել, թե գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Մասնավորապես, Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ոստիկանները ծառայություն են իրականացրել այն վայրում, որտեղ աշխատելիս են եղել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները՝ «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում կորուստները նվազեցելու ուղղությամբ։ Այդ ընթացքում Ծովագյուղի համայնքապետը 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և խոչընդոտել աշխատանքները, ինչպես նաև սպառնացել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակցին:

Ոստիկանությունը միջամտել է, ինչից հետո միջադեպի մասնակիցներից մեկը բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին, իսկ համայնքապետը հայհոյել և փորձել է հարվածել Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են իրավապահները:

Ծովագյուղի համայնքապետի հետ կապվել չհաջողվեց, իսկ Գեղարքունիքի մարզպետարանից PanARMENIAN.Net-ին ասացին, որ միջադեպի մասին սոցցանցերից են իմացել, ոչ մի մանրամասի չեն տիրապետում, իսկ Վահրամ Գևորգյանի հետ որևէ խոսակցություն միջադեպի վերաբերյալ չի եղել։ Հարցին՝ հնարավոր է ավելի ուշ կապվելու դեպքում մեկնաբանություն կարողանան տալ, մարզպետարանից նշեցին՝ չեն կարծում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 258-րդ հոդվածով (խուլիգանություն) և 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)

Պարզվում են միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը։ Նախաքննությունը շարունակվում է: