AM
28 Սեպտեմբեր 2020 - 14:05 AMT

Գորիսի ԲԿ-ն՝ տարհանման կետ

Գորիսի բժշկական կենտրոնը ծառայում է որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԲԿ։

Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:

Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով:

Թորոսյանն Արցախ էր մեկնել շտապ բժշկական օգնության լիարժեք պատկերին տեղում ծանոթանալու նպատակով։ Նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, արցախցի գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 58 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։