AM
29 Սեպտեմբեր 2020 - 05:54 AMT

ՊԵԿ-ի հորդորը՝ բեռնափոխադրողներին․ Սահմանը հատել Բավրայի անցակետով

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի փոխարեն:

Կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի այդ երկրից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ:

Նշվում է նաև, որ ՀՀ-ից, ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն իսկ ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ այս անցակետով, իսկ մնացած բոլոր դեպքերում ՀՀ-ից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ՀՀ-ում և ԱՐցախում ռազմական դրություն է հայտարարված