Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ուղեկցվում են խաղաղ բնակչությանը թիրախավորելով, համակարգված աշխատանք է տարվում նրանց համար կենսական նշանակության օբյեկտներին հարվածներ հասցնելու ու դրանք պարալիզացնելու ուղղությամբ, սոցցանցերով երեխաներ են թիրախավորվում, բռնության ու սպանության կոչեր են հնչեցվում, հայտարարել է Մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ համակարգված աշխատանք է տարվում սոցցանցերում ատելության խոսքի և իրական կյանքում քաղաքացիական օբյեկտների թիրախավորման ուղղությամբ։
«Facebook, Twitter, TikTok սոցցանցերում տարածում են հատուկ մտածված, պատրաստված տեսանյութեր՝ խաղաղ բնակչության շրջանում վախ, տագնապ առաջացնելու համար։ Բռնության և սպանության կոչերով քարոզչություն է գնում։ Թիրախավորվում են նաև երեխաներ»,- ասել է ՄԻՊ-ը՝ հորդորելով ծնողներին հատկապես զերծ պահել երեխաներին TikTok-ից։
ՄԻՊ-ը նշել է, որ այդ սոցցանցերից ամենավտանգավորը TikTok-ն է, որտեղ հնարավոր չէ վերահսկել տեղեկատվության հոսքերը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա:






