AM
2 Հոկտեմբեր 2020 - 05:12 AMT

Արցախի ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի 1 ինքնաթիռ և 1 ԱԹՍ

Հոկտեմբերի 2-ի 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,-ասվում է գրառման մեջ։

Գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված։

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից, հայտնում է ՊԲ-ն: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն եղել:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։