AM
2 Հոկտեմբեր 2020 - 07:28 AMT

ԱՀ ԱԳՆ. Տարածաշրջանում խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարն Արցախի միջազգային ճանաչումն է

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է:

Նշվում է, որ Արցախի դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում:

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները լուրջ սպառնալիք են ոչ միայն Արցախի և ՀՀ, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և, ընդհանրապես, միջազգային աշխարհակարգի համար: Ադրբեջանը 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում նույնպես դիմել է օտարերկրյա զինյալների և վարձկանների օգնությանը: Սակայն այս քայլը Ադրբեջանին չօգնեց խուսափել ռազմական պարտությունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ օտարերկրյա զինյալների և վարձկանների օգտագործումը, հավաքագրումը, ֆինանսավորումը, պաշտպանությունը և վերապատրաստումն արգելվում են բազմաթիվ միջազգային իրավական նորմերով, որոնք պարտադիր են, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի համար:

«Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում են համաշխարհային հանրությանը, այլև ուղղակիորեն սպառնում են նրա անվտանգությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։