AM
2 October 2020 - 09:27 AMT

Փաշինյան․ Այս փուլում հակառակորդը գրոհները դադարեցնելու նշույլ ցույց չի տալիս

Այս փուլում հակառակորդը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Թուրքիան և Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը, և այս պահին էլ հայերի են սպանում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆրանսիական Le Figaro պարբարեկանի հետ հարցազրույցում՝ պատասխանելով «րադադարի պատրա՞ստ եք» հարցին։

Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության, այնտեղի բնակչությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։

Փաշինյանն ասել է, որ միանշանակ Թուրքիան է պատասխանատու այս էսկալացիայի համար։ Նա նաև հայտնել է ամերիկյան արտադրության F-16-երի և թուրքական արտադրության անօդաչու սարքերի կիրառման, Թուրքիայի միջոցով սիրիացի վարձկաններ Ադրբեջան բերելու մասին։ Վարչապետի խոսքով՝ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաև ռազմական խորհրդատուներ։

«Կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմի զոհերի 30%-ն արտասահմանից բերված վարձկաններ են»,- նշել է նա։

Հարցին, թե արդյո՞ք բանակցությունը պետք է անցնի Մինսկի խմբի միջոցով, Փաշինյանը պատասխանել է, որ դա գոյություն ունեցող միակ ձևաչափն է։

«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել սթափեցնող կոչով։ Սպասում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կներգրավվի ագրեսիայի դադարեցմանը։ Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել»,- նշել է նա։

Վարչապետը կատարվողը համեմատել է 1915-ի ցեղասպանության հետ․ «Անցյալը ժխտող թուրքական պետությունը նորից բռնել է ցեղասպանության ուղին։ Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի՝ թույլ չտալու բռնության տարածումը։ Հակառակ դեպքում այս հակամարտության հետևանքները դուրս կգան Հարավային Կովկասի սահմաններից։