Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` տեղեկություններ փոխանցելով ռազմական գործողությունների զարգացումների մասին:
Սա վերջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:
Փաշինյանը պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:
Գերմանիայի Կանցլերը կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






