Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն, թե իբր Մատաղիսը և Ջաբրայիլը գտնվում են իրենց վերահսկողության տակ, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին փոխանցում են Արցախի պաշտպանության բանակից և ՀՀ ՊՆ-ից։
ՊԲ-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է հակառակորդի ավտոշարասյան խոցումը՝ Մատաղիս տանող ճանապարհին:
Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը խոստացել է ներկայացնել «փախուստ Մատաղիսից վավերագրություն»։
Հոկտեմբեր 3-ին և 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ իբրև Մատաղիսը և Ջաբրայիլը գտնվում են ադրբեջանցիների ձեռքում։Իլհամ Ալիևը հրապարակումից րոպեներ անց ջնջել է Ջաբրայիլը գրավելու մասին գրառումը:
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության` ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում»,-հայտնում են ՊԲ-ից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






