AM
4 Հոկտեմբեր 2020 - 14:25 AMT

«Ֆարմատեքը» ներարկման լուծույթներն ու դեղերը բանակին անվճար կմատակարարի

«Ֆարմատեք» ընկերությունը բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար. նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանի հետ։

«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, պատկանում է ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանին։ Գործընթացն արդեն իսկ սկսված է:

Անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։