Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունն ադրբեջանական կողմին։
ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






