AM
6 Հոկտեմբեր 2020 - 08:54 AMT

Սահմանամերձ համայնքներում ռմբակոծության հետևանքով գյուղոլորտին հասցված վնասը կհատուցվի

Սահմանամերձ համայնքներում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել է նախագիծը։

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը:

Ընդունված օրինագծով նաև 3 տարով երկարաձգվել է սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքի գործողությունը։

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն։