Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել, պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանյանը նշել է, որ այդ ապատեղեկատվությամբ ադրբեջանցիները միտում ունեն անտեսել նաև միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






