ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել աշխարհի տարբեր բանակներում ծառայած հայ զինվորականներին հայկական բանակին աջակցել իրենց մասնագիտական հմտություններով ու գիտական ռեսուրսներով։
Նա խոսքն ուղղել է Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայել են աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն բավականաչափ գիտելիք ու փորձ:
Քոչարյանի խոսքով՝ ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ։
«Բանակն աշխարհասփյուռ հայության գիտական մտքի կիրառմամբ ձեռք կբերի ինտելեկտուալ հզոր պոտենցիալ` ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու նպատակով: 21-րդ դարի բանակում թանկարժեք ու հզոր տեխնիկան գործի կեսն է միայն, նոր աշխարհի իրողությունները նոր պայմաններ են թելադրում բանակին, պետք է մշտական ինտելեկտուալ և պրակտիկ գիտելիքների շարունակական հարստացում լինի»,- ասել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):






