Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսած պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է նաև «Մարտական խաչի» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Գրիգորի Աղասյանը։
Նա ծնվել էր 1997 թվականին: «Մարտական խաչը» ստացել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ իր սխրագործությունների համար, երբ դեռ կրտսեր սերժանտ էր։ Նա մեկն էր ժամկետային այն հինգ զինծառայողից, որոնց վերադաս հրամանատարության կողմից շնորհվել էր լեյտենանտի սպայական կոչում:
Աղասյանը դեռ այն ժամանակ PanARMENIAN.Net-ին պատմել էր, թե ինչպես է Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում զինակից ընկերների հետ կանխել հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինների ներթափանցումն իր դիրք։
Զինծառայողն աչքի էր ընկել «ապրիլյան դիմակայության օրերին հակառակորդի հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով»:






