AM
8 Հոկտեմբեր 2020 - 06:37 AMT

Փաշինյանը՝ Euronews-ին․ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը

Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Euronews-ին հարցազրույցում։

«Այս իրավիճակում, երբ մենք ունենք հակամարտության գոտում և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից և հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների՝ կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ամենակարևորը բռնության դադարեցումն է, և սրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հարձակումները:

Վարչապետ նշել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է դադարեցնել կրակը, բայց «դա չի նշանակում, որ պետք է կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն»:

«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական է: Մենք ունենք ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ»,- ասել է նա:

Վարչապետը նշել է նաև, որ որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ:

«Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք»,-ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։