Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Այդ մասին նա ասել է ռուսական ՌԲԿ-ին հարցազրույցում։
«Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ, տուժում են խաղաղ բնակիչներ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Ալիևը կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով»,- ասել է վարչապետը:
Լրագրողի հարցին՝ «կհամաձայնի՞ արդյոք, օրինակ, Երևանը ինչ-որ շրջանների հանձնմանը կամ ինչ-որ նոր բանաձևերի», վարչապետը պատասխանել է, որ հիմա տեղին չէ դա քննարկել։
«Դուք հարցրեցիք՝ մտածո՞ւմ եմ արդյոք, որ այս պատերազմը բանակցային գործընթացը տասնյակ տարիներ հետ մղեց։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության համատեքստը։ Դա հակաահաբեկչական պատերազմ է, որը վարում են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա ահաբեկչական հարձակում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը, և կազմակերպել Թուրքիան։ Դա արդեն սպառնալիք է ոչ միայն ԼՂ համար, այլ կոնկրետ սպառնալիք Ռուսաստանի համար։ Եվ փաստն այն է, որ Ռուսաստանը նույնպես մոտավորապես այսպես է գնահատում իրավիճակը»,-ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։
Անդրադառնալով բանակցություններին՝ Փաշինյանն ասել է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի կազմում Ռուսաստանն է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որն աշխատում է բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ:
«Նրանք հայտարարություն են արել իրավիճակի հետ կապված՝ նշելով, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները և հրաձգությունը, ռազմական գործողությունները: Հայաստանը ողջունել է այդ հայտարարությունը»,- ասել է նա։
Փաշինյանն ասել է նաև, որ ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Գիտեմ, որ համանախագահները կապ են պահպանում նաև ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ այդ խոսակցությունը շարունակվում է, բանակցային գործընթացը երբեք չի դադարել և չի դադարում: Բայց, իհարկե, այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել հակամարտության կարգավորման դետալները: Հիմա պատերազմ է ընթանում, և գլխավոր հարցն այն է՝ ինչպես դադարեցնել պատերազմը»,- ասել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






