AM
8 Հոկտեմբեր 2020 - 12:35 AMT

Ծառուկյան․ Պետք է ՌԴ հետ վերականգնել լիարժեք հարաբերությունները

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանը հավատացրել է, որ այսօր իր ազատության հարցն իր համար երկրորդական է: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում օր առաջ վերականգնել ՀՀ լիարժեք հարաբերությունները «բնական դաշնակից» Ռուսաստանի հետ՝ որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի։

Նա նշել է, որ «սիրտը կտոր-կտոր» է լինում, քանի որ անձամբ հայրենիքի կողքին չէ և չի կարողանում լիարժեքորեն օգտագործել իր հնարավորությունն ու միջազգային կապերը։

«Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-յի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ հասնել կրակի դադարեցմանը:

Հոկտեմբերի 7-ին Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասով վերաքննիչ բողոքը մերժվել էր։ Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։