AM
8 Հոկտեմբեր 2020 - 14:11 AMT

Տեր-Պետրոսյան․ Ժնևի քաղխորհրդի որոշման՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառումն ամենահեռանկարայինն է

Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհրդի որոշման մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը, փոխանցում է ILur.am-ը:

Ժնևի քաղաքային խորհուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին որոշում է ընդունել։

«Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»: Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում»,-գրել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ նրա՝ այդ դոկտրինի էությունն այն է, որ երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։