Հոկտեմբերի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է երկրում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, հատնում են ՊՆ-ից։
ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:
Դեսպանի խնդրանքով Տոնոյանը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման մասին:
Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ադրբեջանի հետ սահմանակից վրացական 2 գյուղում անօդաչու թռչող սարքեր էին խոցվել։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չէր բացառել, որ դրանք Վրաստանի տարածքով փորձել են ՀՀ մուտք գործել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






