AM
8 Հոկտեմբեր 2020 - 16:14 AMT

Այրվածքաբանականի տնօրեն․ Եվրոպացի բժիշկները կամավոր աշխատում են ՀՀ-ում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի ջանքերով Հայաստան են ժամանել և կամավոր աշխատում են իսլանդացի բժիշկ Հիլմար Կյարտանսոն և անգլիացի ռազմական բժիշկ, այրվածքաբան-վնասվածքաբան Սթիվեն Ջեֆրին, հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

Բժիշկները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 8-ի առավոտյան և անմիջապես գործի անցել Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Սիմոնյանը նշել է, որ Ջեֆրին աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում հումանիտար առաքելության 20 տարվա փորձ ունի։

«Սթիվեն Ջեֆրին Բիրմինգհեմի ռազմական բժշկության արքայական կենտրոնի, ինչպես նաև Բիրմինգհեմի համալսարանի բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի պրոֆեսոր է»,-գրել է Սիմոնյանը։

Հոկտեմբերի 7-ին Մկրտչյանը հայտնել էր, որ զրուցել է բժիշկների հետ ու խնդրել գալ Հայաստան՝ օգնելու և վերապատրաստելու ՀՀ-ի բժիշկներին իսլանդական տրանսպլանտների կիրառման գործում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։