Սեպտեմբերի 27-ին ՊԲ մարտական դիրքում ծառայող, կապի դասակի հրամանատարի տեղակալ, ոմն Ն. Մ․՝ նույն դիրքի ավագի հետ համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և մարտական խնդիր կատարելն իմաստազուրկ է: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
Ըստ կառույցի՝ արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, նրանց մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, և ոմանք՝ տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը և հրաժարվել կատարել իրենց զինվորական պարտականությունները:
Ն․Մ․-ն ձերբակալվել է։ Նշվում է, որ թշնամու կողմն անցնելն օրենքով դրսևորվում է նաև ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչերով։ Այս հանցագործության համար նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնագծում դավաճանության դեպքի մասին գրառում էր կատարել՝ նշելով, որ «Նիկոլը հողերը ծախել է» ասող անձը Ստեփանակերտի բնակիչ է և ձերբակալված է։






