AM
10 October 2020 - 07:50 AMT

Մնացականյան. Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացից

Տարածաշրջանի ու առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դարձել է լուրջ մարտահրավեր և որևէ առաջընթացի մասին խոսել՝ առանց այս իրավիճակին վերջ դնելու, անհնար կլինի, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ մոտ 11 ժամ ունեցած բանակցություններից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով: Նա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրել էր ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։

«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,-ասել է Մնացականյանը «Լուրերին»:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:

«Տարածաշրջանի և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար և որևէ այլ ուժ՝ մասնավորապես Թուրքիան այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ»,- նշել է նախարարը:

Մնացականյանը նշել է, որ հակամարտությա ն կարգավորման գործում մեծ նշանակություն ունի համանախագահության դերակատարումը, առաջին օրվանից մեծ նշանակություն ունեին համանախագահ երկրները։ Նախարարը նաև հատուկ ընդգծել էմ ՌԴ-ի ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարությունը։ Նախարարի խոսքով՝ ՀՀ-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Արցախի ինքնորոշման իրավունքը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։