ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արաբալեզու Alghad TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային, դիմել է արաբական աշխարհին՝ կոչ անելով բարձրացնել իր ձայնը և պաշտպանել ճշմարտությունը, կայունությունը ու խաղաղությունը տարածաշրջանում
Ընդգծելով, որ պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ երկրի կողմից ներկայացվող՝ հարձակման արդարացումը, թե իբր ազատագրում են Լեռնային Ղարաբաղը, որևէ քննադատության չի դիմանում:
«Դա բացարձակ անհեթեթություն է: Իրականությունն այն է, որ ազատագրում ասելով նկատի ունեն, որ եկել են այդ տարածքից հայերին մաքրելու, այսինքն՝ էթնիկ զտում իրականացնելու: Նրանք ցանկանում են բոլոր հայերին դուրս հանել և ստանալ տարածքը: Արցախի հայերի համար սա կռիվ է սեփական կյանքի, արժանապատվության, հազարավոր տարիների պատմության համար: Սա պայքար է իրենց ընտանիքների, երեխաների համար: Սա է պատճառը, որ այս մարդկանց հնարավոր չէ հաղթել»,-ասել է նա:
Հարցին, թե ով է հաղթում պատերազմում՝ Հայաստանի նախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի համար պատերազմում հաղթելը նշանակում է սպանել բոլոր հայերին կամ քշել նրանց այդ տարածքից, նույնը, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում:
«Սա Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեկ այլ փորձ է՝ այս անգամ` Արցախում: Եվ նույն Թուրքիան հիմա մասնակցում է այս ամենին: Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ներկա է, ակտիվ ներգրավված է պատերազմում․․․ Սա փաստ է՝ Թուրքիան ներգրավված է, և այդ ներգրավվածությունն այսօրվա պատերազմն ավելի բարդ է դարձնում»,-ասել է նա:
Նախագահն ասել է, որ Թուրքիան ցանկանում է ավելի կարևոր գործոն դառնալ աշխարհում և պարտադրում է իր ներկայությունը Կովկասում՝ փորձելով վերացնել գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ միայն Արցախի և Ադրբեջանի միջև, այլև առհասարակ Կովկասում:
Հայաստանի նախագահն առանցքային է համարել Թուրքիայի մասնակցության դադարեցումը և այդ հարցում կարևորել է միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը:
«Թուրքիան բնավ էլ այս նպատակը չունի, ուստի չի կարող ո՛չ միջնորդ լինել, ո՛չ էլ խաղաղ գործընթացի մաս կազմել»,-ասել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






