Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը, որը մշատպես անդրադառնում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մտադիր է Երևան ժամանել և կանգնել Արցախի և ՀՀ կողքին։
«Այս շաբաթ կմեկնեմ Երևան Հայաստանի և Արցախի հետ լինելու համար»,- ասվում է նրա գրառման մեջ։
Դեքերը Հայաստանում էր նաև 2016-ի Ապրիլյանի օրերին` ծանր ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի կողքին գտնվելու նպատակով: «Ինչպես անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- ասել է Դեքերն այն ժամանակ։
Ավելի վաղ նա հրապարակել էր նաև Շուշիի հրետակոծված Մշակույթի տան լուսանկարը՝ գրելով, որ իր սիրտը կոտրված է։
«Ահա այստեղ եմ ես համերգ տվել Շուշիում 2017-ին։ Հիմա այդ վայրն այսպիսի տեսք ունի Ադրբեջանի դաժան հարվածներից հետո»,- գրել էր նա։
Դեքերն անդրադարձել է նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը, հրապարակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթի տեսանյութը, նաև տեղադրել է հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։
Դանիել Դեքերը ՀՀ քաղաքացիություն և հայկական անձնագիր ունի։ Նա ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել` Նյու Յորքում: 2002-ին նա Սարդարապատում մասնակցել է Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Արա Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն տարբերակը։ 2010-ին նա թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ։